Իջևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Վերնատուն» պատկերասրահը ցանկանում են «վտարել» քաղաքապետարանի շենքից:
«Պատկերասրահի տարածքի վրա աչք ունի սոցիալական ապահովության պետական ծառայության Իջևանի տարածքային բաժանմունքը: Բանն այն է, որ վերոհիշյալ ծառայության որոշ բաժիններ տեղակայված են պատկերասրահի հարևանությամբ, մի հատվածն էլ քաղաքի այլ վայրում է: Այժմ ծառայության ղեկավարությունը ցանկանում է մեկտեղել աշխատակիցներին ու մեկ նստավայր ունենալ։ Դա որոշել են անել ի հաշիվ պատկերասրահի»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Քաղաքային իշխանությունները հարցի առնչությամբ դեռևս հստակ որոշում չեն կայացրել: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ ավելի շատ հակված են ընդառաջելու սոցապծառայությանը, քանի որ պատկերասրահը բացառապես պետական միջոցներով է գոյատևում. «Այցելուների թիվը շատ քիչ է, կարելի է ասել՝ «մինուսով» է աշխատում, բայց դա ցուցիչ չէ, քանի որ այն ոչ միայն Իջևան քաղաքի, այլև տարածաշրջանի մշակութային հատուկենտ օջախներից է, հետևաբար պատկերասրահի փակվելու մասին խոսելն անգամ ավելորդ է, ուղղակի ճիշտ լուծում է պետք գտնել»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ